Հայ ժողովուրդը եւ ղեկավարությունը հարցեր ունի Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի հետ կապված, 2021 թվականի մայիսին, 2022 թվականի սեպտեմբերին ՀԱՊԿ գործողությունների կամ անգործության հետ կապված, նաեւ անվտանգության ոլորտի երկկողմ պայմանագրերի հետ կապված: Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ հարցեր կան կապված ռուսական զորքերի եւ ՌԴ պահվածքի հետ կապված:
«Մենք այս հարցերի շուրջ խոսակցություն սկսել ենք, ես էլ առիթ ունեցել այդ թեմայով խոսելու, մեր տարբեր գործընկերներ խոսում են եւ այդ խոսակցությունը կշարունակվի, որովհետեւ այստեղ շատ կարեւոր է, որ Ռուսաստանը մեզ եւ մենք Ռուսաստանին ավելի լավ եւ ճիշտ հասկանա»,-ասել է նա:
Հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ, Փաշինյանն ասաց. «Հենց նույն պատճառով մենք հարցերի քննարկման փուլում ենք, որովհետև չենք ուզում որևէ հարցում սխալ հասկացած լինենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և չենք ուզում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը որևէ հարցում սխալ հասկացած լինի մեզ: Դրա համար պետք է հետևողական աշխատանք տանենք մինչև կհասունանա որևէ եզրակացություն անելու պահը»:





























