Հայաստանի իշխանությունները եվրոպական պլատֆորմը համարում են նպաստավոր Ադրբեջանի հետ բանակցություններ վարելու համար։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցի ժամանակ, հոկտեմբերի 26-ին ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Այո, այցը Բրյուսել չեղարկվել է, սակայն հայկական կողմը նորից պատրաստակամություն է հայտնել հանդիպել եվրոպական հարթակում»,- ասել է Հովհաննիսյանը։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանն առաջնորդվում է միայն իր պետական շահերով։

«Մենք պատրաստ ենք շարունակել մեր բանակցություններն Ադրբեջանի հետ եվրոպական պլատֆորմում։ Այնտեղ, մի քանի փուլերի ընթացքում, մենք հասել ենք կարեւոր համաձայնությունների Ադրբեջանի հետ։ Ներկա պահին մենք եվրոպական պլատֆորմը բավական նպաստավոր ենք համարում»,- նշել է խորհրդարանականը։