Հաշվի առնելով ԼՂ-ից տեղահանման փաստն ինքնին և մեր հայրենակիցների հուզական վիճակը, ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով տարբեր դրսևորումները և երթևեկության կանոններին ոչ այնքան լավ տիրապետելը՝ որոշում է կայացվել, որ ՀՀ մուտք գործելուց հետո մինչև երեկ՝ հոկտեմբերի 25-ը կայացրած վարչական պատասխանատվության բոլոր որոշումները՝ բոլոր տուգանքները, ըստ էության, օրենքի շրջանակներում կբեկանվեն ոստիկանության պետի համապատասխան հրամանի շրջանակներում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով վարչական իրավախախտումների համար ԼՂ մեր հայրենակիցներից գանձվող տուգանքների խնդրին:
«Հետևապես մեր հայրենակիցները որևէ խնդրի առջև չեն կանգնի մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ կայացված վարչական պատասխանատվության միջոցների մասով»,- ընդգծեց ՆԳ նախարարի տեղակալը։











