Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավորները ստացած պարգեւավճարների ամբողջ գումարը կուղարկեն արցախցի փախստականների սոցիալական խնդիրների լուծմանը։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, հոկտեմբերի 26-ին ասել է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նախօրեին ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը ստորագրել էր կարգադրություն պատգամավորներին եւ խորհրդարանի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության անկախության 32-ամյակի կապակցությամբ պարգեւավճարներ տալու մասին։
Մամիջանյանը նաեւ պատասխանել է լրագրողների հարցին նոր դաշնակիցների փնտրման մասին։
Խորհրդարանականի կարծիքով՝ այդ որոնումների արդյունքներն այնպիսին կլինեն, ինչպես եւ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ։
«Այն ժամանակ, օրինակ, օդային հաղորդակցությունը մեր հարեւանների՝ Իրանի եւ Վրաստանի միջեւ, փակ էր»,- հիշեցրել է Մամիջանյանը։
Նա նշել է. որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ինքը, իհարկե, միշտ չէ, որ գոհ է նրանից, թե ինչպես է իրեն պահում ռազմավարական դաշնակիցը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության գործընկերներն ու միջազգային կառույցները։
«Սակայն իմ եւ նրանց միջեւ տարբերությունն այն է, որ ես հասկանում եմ, թե որն է Ազգային ժողովի պատգամավորի արժեքավորությունը։ Մանավանդ երբ խոսքը վերաբերում է գործընկեր երկրներին մեղադրելուն։ Դրա համար կան այլ մեթոդներ։ Օրինակ, փակ հանդիպումները»,- ասել է խորհրդարանականը։





























