Վերջին մի քանի տարիների ընթացքում և, հատկապես Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման և հայերի զանգվածային բռնագաղթից հետո, մենք կանգնած ենք աննախադեպ մարտահրավերների առջև, որոնք մեծացրել են անվտանգ և հուսալի թվային ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների մատչելիության կարևորությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Բրյուսելում ընթացող «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովի շրջանակում անցկացված «Թվային ենթակառուցվածքներ» խորագիրը կրող պանելային քննարկման ժմանակ իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Նա նաեւ նշել է. «Կարծում եմ, որ քաղաքական առաջնորդների՝ մեր տարածաշրջանում արդար խաղաղություն հաստատելու իրական քաղաքական կամքը և վճռականությունը նախապայման են նման ենթակառուցվածքների զարգացման համար:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը լիովին հավատարիմ է տարածաշրջանում հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք հաղորդակցությունների վերաբացմանը, այդ թվում՝ Հայաստանի տարածքով։ Սա Կասպից ծովը կմիացնի Միջերկրական ծովին, Սև ծովը Պարսից ծոցին: Եվ դա կարող է ոչ միայն ծառայել որպես տարածաշրջանի կայունության և զարգացման երկարաժամկետ երաշխիք, այլև դառնալ համաշխարհային տնտեսական համագործակցության կարևոր օղակ։ Հայաստանը ձգտում է մաս կազմել «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի շրջանակներում տարածաշրջանային նախագծերին:

Որպես տնտեսագիտության բնագավառի գիտնական, ես ցանկանում եմ ելույթս եզրափակել ասելով մի շատ պարզ ճշմարտություն՝ գիտելիքի մեջ ներդրած ավանդը բերում է լավագույն տոկոսագումարը:

Խաղաղության բացակայությունը շատ տարածաշրջաններում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, ստիպում է մեզ հսկայական միջոցներ ծախսել պաշտպանության և սպառազինությունների վրա։ Երբ մենք հստակ գիտակցենք, որ փոխարենը կրթության մեջ ներդրումներ կատարելով՝ մենք ներդրում ենք անում մեր ապագայի մեջ, մենք կունենանք փոխկապակցված, կանխատեսելի և բարեկեցիկ աշխարհ՝ բազմաթիվ բաց գլոբալ դարպասներով ամբողջ աշխարհում»: