Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում բացվել է  մանկապատանեկան միջազգային փառատոնը: Փառատոնը կազմակերպել է Ռոլան Բիկովի անվան մանկապատանեկան կինոյի եւ հեռուստատեսության զարգացման հայկական ֆոնդը: Փառատոնի բացման արարողությանը նախորդել է բեմականացված ներկայացում:

Փառատոնի մրցութային ծրագրում, որը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 26-ը, կներկայացվեն մոտ  35  ֆիլմեր, գրեթե 100  պանորամային ֆիլմեր: Ավանդույթի համաձայն` «մեծահասակների»  ժյուրիից բացի կլինի նաեւ մանկականը, որին մասնակցելու համար Վրաստանից երեխաներ կժամանեն Երեւան:

Փառատոնի շրջանակներում կիրագործվեն մի շարք նախաձեռնություններ, այդ թվում` սոցիալական: Երեւան կժամանի Յարոսլավլի շրջանի հիվանդանոցի Միկրոէնդոսկոպիկ օտորինոլարինգոլոգիայի կենտրոնի տնօրեն,   ՌԴ վաստակավոր  բժիշկ,  բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Վլադիմիր Կոզլովը, ով ծանր պաթոլոգիա ունեցող 4 երեխաների կվիրահատի: Վիրահատությունները կանցկացվեն  «Արաբկիր» բժշկական կենտրոնում:

Հաջորդ նախաձեռնության շրջանակում  երեքական երեխա Թուրքիայից, Վրաստանից եւ Հայաստանից փառատոնի 4  օրերի ընթացքում  իրենց ֆիլմը կստեղծեն, որը կներկայացվի փառատոնի փակման ժամանակ:  Մեկ այլ նախաձեռնություն` Երկրի օրը: Սա  նոր նախաձեռնությունէ, եւ այդ օրերից առաջինը  (թեմատիկան կփոխվի ամեն տարի) նվիրված է Ճապոնիային: Այդ նախաձեռնության շրջանակներում  հոկտեմբերի 25-ին ցուցահանդես կբացվի,  Ճապոնիայի մասին ֆիլմեր կցուցադրվեն, այդ թվում` Տոկիոյի մանկական փառատոնի մասին, որի պրոդյուսերը եւս փառատոնի հյուրերի շարքում կլինի:

Նույն օրը Ճապոնիայի օրվան նվիրված համերգ կկայանա, որի ընթացքում կհնչեն հայ եւ ճապոնացի երգահանների ստեղծագործություններ:

Փառատոնի շրջանակներում կանցկացվեն հայտնի բանաստեղծ եւ դրամատուրգ Յուրի Էնտինի եւ լատվիացի դերասան Իվար Կալնինիշի համերգները: Վերջինս հանդես կգա դստեր` 9-ամյա Լուիզայի հետ:

Փառատոնին ներկայացված ֆիլմերի դիտման համար երեւանյան դպրոցների սաներին բաժանվել է 15.000 տոմս: