Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պիտեր Սիյարտոն Երևանում կայացած մամուլի ասուլիսում ԵՄ կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարությունը չընդունելու հարցին պատասխանելիս  սահուն կերպով սլաքներն ուղղեց Բորելի վրա։ 

Հարցին, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Հունգարիան վետո է դրել ԵՄ երկրների համատեղ հայտարարության վրա, Սիյարտոն սկսեց քննարկել ԵՄ բարձր ներկայացուցչի գործառույթները։ 

«Կարող եմ հետևյալն ասել։ ԵՄ-ն ունի բարձր ներկայացուցիչ՝ պարոն Բորելը։ Նա միշտ ազատ հայտարարություններ է անում, մենք դրանց վրա վետո չենք դնում։ Եվ քանի որ նա նման հնարավորություն ունի, ավելորդ ենք համարում պայմանավորվել այն ամենի շուրջ, ինչ նա պետք է ասի բոլորի անունից։ Նա գերագույն ներկայացուցիչն է, բոլոր պատասխանատվությունն ու լիազորությունները նրա ձեռքերում են։ Նա կարող է հայտարարություններ անել, և անում է: Ոչ միայն այս, այլեւ այլ հարցերում։ Մենք ասել ենք՝ սա բարձր ներկայացուցիչն է, սա իր գործն է, նա պետք է հայտարարություններ անի։ Նա զբաղեցնում է այս պաշտոնը և դրա համար աշխատավարձ է ստանում։ Սա մեր ընդհանուր տեսակետն է»,- ասել է Սիյարտոն:

Հիշեցնենք, որ Բուդապեշտը Բաքվի հետ բարեկամական հարաբերությունների մեջ է։