Պետությունը խնդիր է դրել անել ամեն ինչ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերը մնան Հայաստանում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Ըստ նրա՝ դա նշանակում է, որ պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ հեռանալու պատճառ չունենան։
«Պայմաններ ասելով պետք է հասկանալ բնակարանը, աշխատանքը, կրթությունը, առողջապահությունը, այսինքն այն, ինչ մյուս հայերին պահում է Հայաստանում։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մասնավոր և պետական հատվածը կարողանա աշխատանքով ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերին։ Այսօր տնտեսությունն այնքան արագ է աճում, որ աշխատատեղերի հետ կապված խնդիրներ չկան։ Մենք գիտենք, որ ուսուցիչների , բժիշկների պակաս կա»,- պարզաբանեց Սինանյանը։
Համեմատած այն ժամանակաշրջանի հետ, երբ Սիրիայից հայերը Հայաստան ժամանեցին, մեր երկրում շատ բան է փոխվել, ընդգծեց նա։
«Օրինակ, եթե 2011 թվականին Հայաստանի բյուջեն կազմում էր 2 միլիարդ դոլար, ապա այս տարի այն կկազմի 6,7 միլիարդ դոլար, իսկ հաջորդ տարի՝ 7,9 միլիարդ դոլար։ Տնտեսության այն ժամանակվա և այժմյան ծավալները համեմատելի չեն»,- հավելեց պաշտոնյան։
Նա կարծում է, որ այն ժամանակ պետությունը բավարար գումար չի ծախսել, որ Սիրիայից եկած հայերը հաստատվեն Հայաստանում։
«Այս անգամ՝ միայն անցած շաբաթ, Լեռնային Ղարաբաղի հայերի կարիքները հոգալու համար արդեն ավելի քան 100 միլիոն դոլար է ծախսվել։ Եվ այդ նպատակների համար պետությունը պատրաստ է շատ ավելին ծախսել։ Սա է ամբողջ տարբերությունը»,- եզրափակեց Սինանյանը։





























