Հոկտեմբերի 26-ին Ստրասբուրգում Եվրախորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 45-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվել է ավելի քան 100.000 ղարաբաղցի հայերի Հայաստանում վերաբնակեցումից հետո ստեղծված հումանիտար իրավիճակը։
Բերնդ Վերինգերի ներկայացրած և ընդունված հռչակագրում Կոնգրեսը խստորեն դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի կողմից Ղարաբաղում իրականացված ռազմական գործողությունները և դրան նախորդած տարածաշրջանի տասնամսյա շրջափակումը, որը հանգեցրել է հումանիտար ծանր իրավիճակի։
Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Կոնգրեսը ափսոսանք հայտնել հումանիտար լուրջ հետևանքների համար և կոչ արել Ադրբեջանին զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել դրա հետագա վատթարացմանը և ազատ արձակել Ղարաբաղի բոլոր կալանավորված ներկայացուցիչներին, այդ թվում՝ տեղական մակարդակում։
Կոնգրեսը համերաշխություն է հայտնել ղարաբաղցի հայերին ընդունած Հայաստանի տեղական իշխանություններին, ողջունել է Հայաստանի կառավարության կողմից արդեն ցուցաբերված աջակցությունը տեղական համայնքներին, ինչպես նաև հաստատել իր պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի Հանրապետության ազգային և տեղական իշխանություններին։
Հիշատակելով ադրբեջանական իշխանությունների այն խոստումները, որ կապահովեն հայ բնակիչների իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև նրանց վերաինտեգրման հայտարարված ծրագրերը, Կոնգրեսը վերահաստատել է Ադրբեջանի պատասխանատվությունը տարածաշրջանում մնացող ղարաբաղցիների անվտանգությունը երաշխավորելու և ապահովելու հարցում, նրանց իրավունքների պաշտպանությունը, ներառյալ տեղական ինքնակառավարման ինստիտուտներ ստեղծելու իրավունքը` համաձայն տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի և տարածաշրջան բոլոր ցանկացողների անվտանգ վերադարձի թույլատրումը: Կոնգրեսը նաև կոչ է արել Ադրբեջանին ապահովել մարդասիրական օգնության անխոչընդոտ առաքումը Լեռնային Ղարաբաղում մնացած հայերին։





























