Իրանում մահացել է 16-ամյա Արմիթա Գերաւանդը, որը կոմայի մեջ էր ընկել, ինչպես նշել են իրավապաշտպանները, բարքերի ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո։ Այս մասին տեղեկացնում են Hengaw իրանա-քրդական իրավապաշտպան կազմակերպությունը եւ Իրանի իշխանությունների հետ կապված Borna գործակալությունը։
Գործակալության հաղորդման մեջ նշվել է, որ Գերաւանդը մահացել է՝ «չնայած ինտենսիվ բուժմանը եւ 28 օր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվելուն»։ Borna-ն նշել է, որ հոկտեմբերի 1-ի առավոտյան Գերաւանդը գնացք նստելիս կորցրել է հավասարակշռությունը «ճնշման իջնելու» պատճառով եւ գլխով հարվածվել է գետնին։ Իրանի իշխանությունները կատարվածի այսպիսի տարբերակ են նշում։
Իրավապաշտպանները հավաստիացնում են, որ աղջկան ձերբակալել է բարքերի ոստիկանությունը Թեհրանի մետրոյի կայարաններից մեկում, հիջաբ չկրելու համար. աղջկա գլուխը բաց է եղել։ Պարեկախումբը Գերաւանդի հանդեպ կոպիտ ուժ է գործադրել, ինչից հետո նրան տարել են տեղի զինվորական հոսպիտալ։ Իրավապաշտպանները հայտարարել են, որ Գերաւանդը կոմայի մեջ է, նրա վիճակը ծայրահեղ վատ է։ Հիվանդանոցում աղջկան պահպանել են Իրանի անվտանգության ծառայության աշխատակիցները։
Իրանի պետական ԶԼՄ-ները ցույց են տվել աղջկա ծնողների հարցազրույցը, որոնք հայտնել են, որ իրենց աղջկա ճնշումն իջել է, ինչից հետո նա կորցրել է հավասարակշռությունը եւ հարվածել գլուխը։ Գերաւանդի մայրը ասել է, որ «այնքան էլ վստահ չէ սրանում»։
Բարքերի ոստիկանության պարեկները Իրանի քաղաքների փողոցներ են վերադարձել 2023թ հուլիսին։ Մինչ այդ պարեկները ինն ամիս փողոցներում չէին աշխատում, նրանք անհետացել էին զանգվածային բողոքների ֆոնին, որոնք սկսվել էին 2022թ. սեպտեմբերին 22-ամյա Մահսի Ամինիի մահվան պատճառով։ Նա մահացել էր հիջաբը «ճիշտ» չկրելու համար ձերբակալվելուց հետո։





























