Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից, հոկտեմբերի 21-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Երեւանի, Սոսեի փ. 13 հասցեում գտնվող Երեւանի ժամացույցների գործարան ԲԲԸ-ի վարչական շենքի վարձակալած տարածքում գործող, ապօրինի խաղատան «Պոկեր ակումբ»-ի գործունեությունը:

ԱԱԾ  մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԱԾ վարչական շենք բերման են ենթարկվել «Պոկեր ակումբի» կազմակերպիչ, 43-ամյա Հովհաննես Կարապետի Ալեքսանյանը, ակումբի 3 դիլերներ, 1 մատուցող, եւ 9 այցելուներ /այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ/:

Պարզվել է, որ Հ. Ալեքսանյանի «Պոկեր ակումբը» գործել է ի խախտումն Շահումով խաղերի եւ խաղատների մասին ՀՀ օրենքի պահանջների /խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել միայն համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս/:

ՀՀ քրեական օրենսգրքի 188 /ապօրինի ձեռնարկատիրություն/ եւ 205 /հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախապատրաստվում են նյութեր` ՀՀ ԱԱԾ Քննչական վարչություն փոխանցելու համար: