Իրանական նավթի, գազի և նավթաքիմիական արտահանողների միության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ Իրանում նավթի արդյունահանումն աճել է օրական մինչև 3 միլիոն 400 հազար բարելի, հայտնում է IRNA-ն։

«Նախորդ զեկույցի համաձայն, այս ցուցանիշը կազմում էր 2,9 միլիոն բարել»,- ասել է Սեյեդ Համիդ Հոսեյնին։

Նա ասել է, որ 13-րդ կառավարությունը պատրաստել է  անհրաժեշտ ամեն բան՝ համաշխարհային շուկաներում պահանջարկի աճին համահունչ նավթի արդյունահանումն ու արտահանումը մեծացնելու համար:

«Մենք արդեն հասել էինք նավթի արդյունահանման այս մակարդակին, սակայն իրացման շուկայի բացակայության պատճառով որոշ նավթահորեր սառեցվեցին։ Այսօր դրանք կրկին աշխատում են, դրանցում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել, և մենք պատրաստ ենք հասնել օրական մինչև 3,8 միլիոն բարելի արդյունահանման մակարդակի»,- ասել է Հոսեյնին։

Նա նշել է, որ այս տարի տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է նավթային ոլորտում։ «Աճել են նաև արտադրության և արտահանման ծավալները, իսկ ծախսերի աճի ֆոնին աճել է նաև արտահանման արժեքը, ինչը հանգեցրել է երկրի տնտեսական աճի դրականլինելուն», - ավելացրել է Հոսեյնին: