Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը հոկտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի ուղղությամբ: Դիտարկմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ):
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) եւ Մարիուս Պուոձիունասը(Լիտվա):
Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբում են եղել ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):
Նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` տեղական ժամանակով ժամը 15.00 –ին Անջեյ Կասպրշիկն ու Մինսկի խմբի համանախագահները հատել են շփման գիծը:
Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:




























