Հայաստանի կառավարությունը 2023թ. ակնկալում է ապահովել 7 տոկոսանոց տնտեսական աճ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 30-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գնաճային միջավայրը հանրապետությունում, նրա խոսքով, բավական կայուն է։ «Մեր կարեւորագույն ձեռքբերումներից մեկը անվտանգության սպառնալիքների եւ մարտահրավերների պայմաններում Հայաստանի մակրոտնտեսական կայունությունն է, որը մենք կարողացանք պահպանել ինչպես պատերազմի, այնպես էլ ներքաղաքական անկայունության եւ կորոնավիրուսի համավարակի ժամանակ։ Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի միջավայրում»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետն ավելացրել է, որ գնաճային իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է։ 9 ամիսների ընթացքում գնաճի մակարդակը կազմել է ընդամենը 2,8 տոկոս։





























