Ջավախքում, այսօր` հոկտեմբերի 22-ին, տեղի է ունեցել Ախալքալակի գարեջրի գործարանի («ԲԱԼԼԻՍ») բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը  մասնակցել են Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն, խորհրդարանի փոխնախագահ Միխայիլ Մաչավարիանին, Հայաստանի ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Հայկ Սանոսյանը եւ ուրիշներ:

Դիմելով ներկաներին` Սամվել Բալասանյանը կարեւորել է Ջավախքում աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունը եւ հայտնել  այդ ուղղությամբ ապագայում  նախանշված  այլ պլանների մասին եւս:  Խոսելով սկզբնական շրջանում շուրջ 100 աշխատատեղեր ապահովող գործարանի մասին`  Սամվել Բալասանյանը   խոստացել է իր հնարավորությունների չափով օժանդակել նորաբաց  «ԲԱԼԼԻՍ» գարեջրի գործարանի արտադրանքի սպառմանը, մասնավորապես ցուցաբերել խորհրդատվական եւ այլ բնույթի աջակցություն գործարանի աշխատակազմին:  Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի որոշմամբ, Սամվել Բալասանյանը պարգեւատրվել է Վրաստանի Պատվո շքանշանով, ինչը Սամվել Բալասանյանին հանձնել է խորհրդարանի նախագահ  Դավիթ Բաքրաձեն: