Պրոցեսներն ամբողջովին քաղաքական հեն, իրավական հետք անգամ չկա. Նիկոլը բռնում է եւ փորձում է նստացնել նրանց, որոնք ունեն բավականին բարձր հանրային ճանաչում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատավարությանը:

«Նա փորձում է ցույց տալ, որ կարեւոր չէ՝ ինչ հոդված է, մի բան կսարքենք ձեր գլխին, եւ երկրորդը՝ բոլորդ իմացեք, որ նստացնելու ենք, վախեցեք ինձնից: Սա է այն հիմնական մեսիջը, որ նա հղում է հայ ժողովրդին նմանատիպ դատերով»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարին, Ենոքյանն ասաց. «Դա լինելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչն ինքնին անհեթեթություն է, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ չի հայտարարվել, որ դրա ավարտի համար խաղաղության պայմանագիր կնքվի: Բայց կա երկու կարեւոր հարցը, մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ այդ խաղաղության պայմանագրով «անկլավները» պետք է տրվեն Ադրբեջանին: Եթե տրվում են Ադրբեջանին, այնտեղ լինելու են ռազմական բազաներ, տեռորիստների բազաներ, այնտեղ խաղաղ բնակչություն չի լինելու: Սա ինքնին բերելու է մշտնջենական պատերազմի:

Նույնը Մեղրիի միջանցքի հետ կապված: Այն, ինչ այսօր է երեւում, այդ միջանցքը չի լինելու Հայաստանի վերահսկողության տակ, ինչքան էլ ինքը (Փաշինյանը) ասի սուվերենություն: Միջանցքը լինելու է այնտեղ, որտեղ այսօր կանգնած են ռուս սահմանապահները, ուրեմն լինելու է իրենց վերահսկողության տակ: Մենք տեսնելու ենք, թե ինչպես է այդ միջանցքով տանկեր, հրթիռներ անցնում Թուրքիայից Ադրբեջան եւ ոչինչ չենք կարողանալու անել: Դա ամենեւին չի նպաստում խաղաղությանը»:

Քաղաքագետը հիմարություն անվանեց «խաղաղության խաչմերուկի» գաղափարը. «Այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում այստեղ խաղաղության հաստատել անհնար է եղած գործիքներով»: