Անցած տարի օգոստոսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած պետական այցի ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Ռուսաստանի ռազմատեխնիկական համգործակցության հարցերով դաշնային ծառայության միջեւ  ստորագրվել են համգործակցության մասին հուշագիր եւ այլ կարեւոր փաստաթղթեր, եւ երկու երկրների համապատասխան գերատեսչությունները քայլեր են ձեռնարկում  նշված հուշագրում ամրագրված պայմանավորվածությունների  իրականացման ուղղությամբ: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանում ծրագրվո՞ւմ է Ռուսաստանի հետ համատեղ պաշտպանական ձեռնարկության ստեղծում, մասնավորապես` ռազմատեխնիկայի եւ սպառազինությունների տեխսպասարկման եւ վերանորոգման համար:

«Անցած տարի օգոստոսին Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած  պետական այցի ժամանակ ստորագրվեց Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի մասին պայմանագրի Հինգերորդ արձանագրությունը:  Այդ պայմանագրում կա դրույթ, ըստ որի  ռուսաստանյան ռազմաբազան, բացի Ռուսաստանի Դաշնության շահերից, Հայաստանի Զինված ուժերի հետ միասին  ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, եւ այդ նպատակների իրականացման համար Ռուսաստանն աջակցում է Հայաստանին ժամանակակից տեխնիկայի եւ սպառազինությունների ձեռք բերման հարցում: Սրանով ամեն ինչ ասված է»,-նշել է ԱԳ նախարարը: