Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը հեշտ չէ, եթե հաշվի առնենք այն ռազմական հռետորաբանությունը, որը հնչում է Բաքվում, սակայն ոչ միայն դա, այլեւ  կոնկրետ քայլերը` ռազմական բյուջեի 20 անգամ ավելացումը,  շփման գծում սադրանքները, շատ այլ բաներ, երբ Ադրբեջանը բացեիբաց պատրաստվում է պատերազմի եւ  անգամ  պարծենում դրանով: Այդ մասին «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ավելցնելով, որ պետք է զգոն լինել:

«Միջազգային հանրությունը բազմիցս Ադրբեջանին զգուշացրել է  ուժի կիրառման նոր փորձի ոչ միայն անընդունելի լինելու, այլեւ անթույլատրելիության մասին:  Նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի կողմից  շատ ուժեղ եւ հստակ ուղերձ եղավ Դովիլից, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- նշել է Հայաստանի ԱԳ նախարարը` ընդգծելով, որ Հայաստանը կշարունակի  անել ամեն  հնարավորը`  հակամարտության խաղաղ կարգավորման համար, քանի որ ռազմական ճանապարհը լուծում չէ:

Պատասխանելով  տարածաշրջանոմ ռազմական սպառնալիքի դեպքում Ռուսաստանի հնարավոր  արձագանքի եւ Ռուսաստանից կամ ՀԱՊԿ-ից սպասվող հնարավոր օգնության մասին հարցին,  Նալբանդյանը հիշեցրել է անցած տարի օգոստոսին Երեւանում Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի արած հայտարարությունը. «Նա շատ հստակ պատասխանեց գրեթե նույնատիպ հարցադրմանը»:

Է. Նալբանդյանն անդրադարձել է նաեւ հրադադարի ռեժիմի պահպանման  եւ դիպուկահարներին առաջապահ դիրքերից դուրս բերելու խնդրին. «Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի միջնորդությամբ Աստրախանում ձեռք բերվեց շատ լավ պայմանավորվածություն՝ ստեղծելու շփման գծում դեպքերի հետաքննության մեխանիզմ, ինչը կարող էր դեպքերը, եւ, ընդհանրապես, հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու մեխանիզմ դառնալ։ Նախագահները պայմանավորվել էին, այդ հայտարարության տակ կա նաեւ Ադրբեջանի նախագահի ստորագրությունը։ Բայց այդ պայմանավորվածությունից անմիջապես հետո ադրբեջանցնիները ետքայլ արեցին՝ փաստորեն հանդես գալով նման մեխանիզմի ստեղծման դեմ»,-հիշեցրել է Նալբանդյանը:

Նրա խոսքով` բոլորովին վերջերս, տառացիորեն օրերս, այդ հարցը քննարկվում էր Վիեննայում, եւ Ադրբեջանի ներկայացուցիչը դեմ հանդես եկավ։ «Համանախագահները, ԵԱՀԿ-ն, միջազգային այլ կազմակերպություններ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ էին անում դուրս բերել դիպուկահարներին, ամրապնդել հրադադարի ռեժիմը։ Առաջարկություն կար ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման մասին պայմանավորվածության հասնելու վերաբերյալ։ Բոլոր այս առաջարկներին մենք, միջազգային հանրությունն աջակցում է։ Ադրբեջանը դեմ է հանդես գալիս։ Դա եւս մեկ ապացույց է, որ Ադրբեջանի ղեկավարությունը իրականում պատրաստ չէ կարգավորման։ Գլխում ունի ինչ-որ ուրիշ, վտանգավոր ծրագրեր, որոնք կարող են վտանգավոր հետեւանքներ ունենալ ոչ միայն տարածաշրջանի, այլեւ առաջին հերթին հենց Ադրբեջանի համար»,-նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: