Անհրաժեշտություն չկա փոխել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունների ձեւաչափը: Այս մասին «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով ԼՂ բանակցային գործընթացի ձեւաչափը փոխելու եւ այնտեղ Թուրքիային ներառելու առաջարկներին:

«Թուրքիայի վերաբերյալ. դա թուրքական հիվանդ երեւակայությունն է»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման խնդրին, Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը անցել է ճանապարհի իր մասը եւ հիմա գնդակը Թուրքիայի դաշտում է: «Թուրքիան պետք է կատարի իր այն պարտավորությունները, որոնք վերցրել է միջազգային հանրության առջեւ: Այս մասին հայտարարել եւ հայտարարում են շատ երկրների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:  Մենք ամբողջությամբ կիսում ենք այդ տեսակետը»,- ընդգծել է նա: