Թուրքիայում, այսօր` հոկտեմբերի 22-ին, տեղի ժամանակով 16:30-ին, սկսվել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերաբացման եւ օծման արարողությունը, որին մասնակցում են շուրջ 2,5-3 հազար հայեր աշխարհի տարբեր երկրներից:

Ինչպես Դիարբեքիրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Սուրբ Կիրակոսի վերաբացման եւ օծման կապակցությամբ, եկեղեցու հարակից փողոցներն անվտանգության նկատառումներով փակվել են երթեւեկության համար: Իսկ դեպի եկեղեցի տանող ճանապարհները գտնվում են ոստիկանության խիստ հսկողության տակ:

Մարդիկ եկեղեցի մտնում են բացառապես մետաղորսիչ սարքով ստուգում անցնելուց հետո, որը նպատակ ունի կանխարգելել հնարավոր սադրանքները:

Սուրբ Կիրակոսի վերաբացմանը մասնակցում են Դիարբեքիր քաղաքի եւ նահանգի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Այստեղ է այցելել նաեւ Թուրքիայի խորհրդարանի քրդական կուսակցության պատգամավոր Ալթան Թանը, ով օրեր օրեր առաջ 1915-ի դեպքերը որակել էր որպես ցեղասպանություն եւ անհրաժեշտ համարել, որ Թուրքիան ներողություն խնդրի հայերից:

Հատկանշական է, որ եկեղեցու մոտ չկա որեւէ թուրքական դրոշ, ինչը կար Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման պարագայում: Սա պայմանավորված է Դիարբեքիրի իշխանությունների դիրքորոշումներով:

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Դիարբեքիրի փոխքաղաքապետը նշել էր, որ իրենց տեղեկություններով՝ աշխարհի տարբեր երկրներից  իրենց քաղաք է ժամանել մոտ 2000 հայ:

Նշենք, որ Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Կիրակոսի վերաբացումն ու օծումը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 22-ին, իսկ առաջին պատարագը մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին:

Սուրբ Կիրակոսի վերանորոգումը իրականացվել է դիարբեքիրցի հայերի եւ Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ:

Սուրբ Կիրակոսը վերաբացվելու որպես գործող եկեղեցի: