Համացանցում տեսահոլովակ է հայտնվել, որտեղ Լիբիայի Ազգային անցումային խորհրդի 22-ամյա գորհային (ԱԱԽ) Սանադ ալ Սադեկ ալ Ուրեյբին խոստովանում է, որ սպանել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիին:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, ալ Ուրեյբին պատմում է, որ Քադաֆին կենդանի է գերի վերցվել, սակայն ինքը սպանել է նրան: «Մենք Քադաֆիի հետ հանդիպեցինք դրսում, նրա հետ էին ինչ-որ կանայք եւ երեխաներ, սակայն մենք նրան ճանաչեցինք մազերից: Ես հարվածեցի նրա դեմքին, իսկ նա ինձ ասաց. «Դու որդուս տարիքին ես»: Ես նրան եւս մեկ հարված հասցրեցի, նա ինձ ասաց. «Ես քո հոր տարիքին եմ»: Դրանից հետո ես բռնեցի նրա մազերից եւ տապալեցի գետին»,-պատմում է ալ Ուրեյբին` ավելացնելով, որ դրանից հետո ապստամբների միջեւ վեճ է ծագել:
ԱԱԽ գրոհայինները փորձել են գերուն կենդանի վերցնել, սակայն նրան այդ գաղափարը դուր չի եկել, եւ նա կրակել է գետնին տապալված Քադաֆիի վրա: «Ես նրա վրա կրակեցի երկու անգամ, առաջին գնդակը դիպավ թեւատակին, երկրորդը` գլխին: Նա մահացավ ոչ միանգամից, մոտավորապես կես ժամից»,-պատմել է ալ Ուրեյբին: Նրա խոսքով` դրանից հետո Միսուրատիից գրոհայինների խումբը իրենից վերցրել է զենքը եւ վտարել` սպառնալով մահով:
Agence France-Presse-ը նշում է, որ տեսանյութում ցուցադրվում է արյունոտ բաճկոնը, որն իբր հանվել է Քադաֆիի հագից, ոսկե մատանի, որի վրա փորագրված է Քադաֆիի երկրորդ կնոջ անունն ու նրանց հարսանիքի տարեթիվը:











