Հայաստանում տնտեսական աճի պոտենցիալը ներկայում գնահատվում է 5,5 տոկոս։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 31-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝ կապիտալ ներդրումները, որոնք իրականացվում են կառավարության կողմից, կախված են այդ պոտենցիալից։ «Իսկ այդ պոտենցիալը կախված է ներդրումներից, մեր տնտեսության դիվերսիֆիկացիայից եւ բարեփոխումներից, որոնք մենք իրագործում ենք»,- ավելացրել է Հովհաննիսյանը։ Նախարարի գնահատմամբ՝ իշխանությունների հիմնական ջանքերը պետք է ուղղված լինեն վերոնշյալ պոտենցիալի ավելացմանը։