Սեպտեմբերյան վերջին իրադարձությունները` ադրբեջանական ագրեսիայով պայմանավորված, չեն ազդել ՀՀ բանկերում առկա արտարժութային ավանդների վրա ու բանկերից դուրսբերման տենդենց չկա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով, սեպտեմբերի վերջին նախորդ ամսվա համեմատությամբ, ՀՀ ռեզիդենտների ավանդների 0.7 տոկոս աճ է գրանցվել, իրավաբանական անձանց ցպահանջ ավանդներն աճել են 4.9 տոկոսով, իրավաբանական անձանց ժամկետային արտարժույթային ավանդները` 3.7 տոկոսով։
Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց ցպահանջ ավանդներին, ապա դրանք աճել են 4.7 տոկոսով, իսկ ժամկետային արտարժութային ավանդները նվազել են ընդամենը 0.8 տոկոսով։
«Ըստ այդմ, խոսել ինչ-որ տենդենցի մասին, որ բանկերից արտարժութային ավանդներ են հանում, չկա»,– վստահեցրեց Գալստյանը։
Անդրադառնալով ընդհանուր ավանդների ծավալին` նա նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ ռեզիդենտների ավանդների աճը կազմել է 25.2 տոկոս, այն էլ ֆիքսված փոխարժեքով, իսկ ոչ ռեզիդենտների ավանդների աճը` 16.8 տոկոս։





























