Վրաստանը ցանկանում է տարածաշրջանում առաջատարի դեր ստանձնել, և հենց դրա հետ են կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու նրա ջանքերը։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքի եթերում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։
«Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «3+3» ձևաչափին, ապա այստեղ մենք ունենք շատ հստակ դիրքորոշում՝ քանի դեռ Վրաստանի օկուպացված տարածքները չեն դեօկուպացվել Ռուսաստանի կողմից, և Ռուսաստանի Դաշնությունը չի ճանաչել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, մենք չենք մասնակցի այս ձևաչափով հանդիպումներին»,- ասել է վրացի քաղաքական գործիչը՝ հավելելով. «Սա չի նշանակում, որ մենք չենք զարգացնի երկկողմ հարաբերությունները Թուրքիայի հետ և չենք փորձի Վրաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հարաբերությունների ձևաչափ ստեղծել։ Իհարկե, մեզ համար կարևոր է Կովկասում ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը կնպաստի և՛ քաղաքական, և՛ տնտեսական համագործակցությանը։ Երբ այս, այսպես կոչված, ձևաչափի մի երկիր կոպտորեն խախտում է մեր երկրի տարածքային ամբողջականությունը և գրավում է մեր երկրի մի մասը, այդ ձևաչափին մասնակցելն անիմաստ է»,- ասել է Սամխարաձեն։
Նրա խոսքով, Ռուսաստանը հեռահար ծրագրեր ունի Վրաստանի նկատմամբ, և «հետևաբար, Աբխազիան և Ցխինվալի տարածաշրջանը նրան պետք են որպես Վրաստանի վրա մշտական ճնշման լծակ»։





























