Եթե ​​ռազմական գործողությունները չդադարեցվեն, Իսրայելը և նրա կողմնակիցները պատասխանատվություն կկրեն պատերազմի շրջանակների ընդլայնման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլայանը Անկարայում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ կայացած մամուլի ասուլիսում, գրում է Mehr-ը։

Նշելով, որ Իրանը շարունակում է ջանքերը տարածաշրջանում իր դաշնակիցների և ընկերների հետ խորհրդակցելու համար՝ կանխելու Գազայի պատերազմի սրումը, Իրանի բարձրաստիճան դիվանագետը հավելել է, որ Իրանի նախագահն առաջարկել է Պաղեստինի հարցով հանդիպում անցկացնել իսլամական և արաբական երկրների ղեկավարների հետ։

«Եթե ցեղասպանությունը և խաղաղ բնակչության դեմ պատերազմական հանցագործությունները չդադարեցվեն, ապա տարածաշրջանը շատ մոտ է մեծ և կարևոր որոշում կայացնելուն»,- ընդգծել է նա։

«Եթե պատերազմն անհապաղ չդադարեցվի և ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից խաղաղ բնակիչների վրա համատեղ հարձակումները շարունակվեն, հետևանքները լուրջ կլինեն, և պատերազմողներն անկասկած չեն կարողանա դրանք տանել», - զգուշացրել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը:

Նա նաև կոչ է արել բոյկոտել իսրայելական արտադրանքը։ «Մենք աջակցում ենք ցանկացած քաղաքական նախաձեռնության, որը կանխում է պատերազմի տարածումը և երաշխավորում Պաղեստինի ժողովրդի իրական իրավունքները»: Նա նաեւ հայտնել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին իր թուրք գործընկերոջ հրավերով շուտով կայցելի Թուրքիա։

Խոսելով Թեհրանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների մասին՝ Ամիր-Աբդոլլահյանը նշել է, որ երկու երկրները պայմանավորվել են ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել ընդհանուր սահմանների անվտանգության հարցում։