Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հոկտեմբերի 23-ին, այցելել է Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցական նորակառույց համալիր, մասնակցել համալիրի Մայր տաճարի գմբեթի խաչերի օրհնության եւ օծման արարողություններին: Արարողությունը կատարվել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ:
Նշենք, որ եկեղեցու բարձրությունը 50մ է, գմբեթի տրամագիծը` 21մ: Տաճարի պատերը զարդարված են պատմական իրադարձությունների (քրիստոնեության ընդունման, հայ գրերի ստեղծման եւ այլն) մասին պատմող որմնանկարներով: Գլխավոր խաչի բարձրությունը հասնում է 7 մ-ի, մնացած 5 խաչերինը` 4 մետր է:
Մոսկվայի կենտրոնում 1,32 հա տարածք զբաղեցնող Հայկական եկեղեցական համալիրի շինարարական աշխատանքներն սկսվել են 2006թ-ին: Համալիրն ընդգրկում է մայր եկեղեցին, Ս. Խաչ փոքր եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական մասնաշենքեր, հանդիսությունների սրահներ եւ թանգարան:
Համալիրը կառուցվում է Ռուսաստանում ապրող հայ եւ ռուս մեկենասների աջակցությամբ: Համալիրի գլխավոր ճարտարապետը Արտակ Գուլյանն է:

























