Թուրքիայի երկրաշարժը տեղի է ունեցել Հայաստանի սահմանից մոտ 150 կմ հեռավորության վրա։ Հիմնական ցնցումը, վերջին տվյալով, ունեցել է 7.1 մագնիտուդ ուժգնություն (էպիկենտրոնում՝ մինչեւ 10 բալ), որին հաջորդել է 8 ավելի թույլ հետցնցում։ Այս մասին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանն ասաց Հանրային հեռուստաընկերության եթերում։ Երկրաշարժը, նրա տվյալով, զգացվել է Երեւանում եւ մոտակա բնակավայրերում, ընդ որում, Երեւանի ոչ բոլոր թաղամասերում։

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետը Երեւանի բնակիչներին խորհուրդ տվեց միառժամանակ մնալ դրսում, խուճապի չմատնվել, հանգստություն պահպանել։ Նա փաստորեն չհերքեց եւ չհաստատեց նոր ցնցումների հավանականությունը, միայն նշեց, որ դատելով փաստից, որ բոլոր հետցնումներն  ավելի թույլ են եղել, վտանգ չկա։

Նա նաեւ մի քանի խորհուրդ տվեց, թե ինչպես վարվել երկրաշարժի դեպքում։ Առաջին երեք հարկերի բնակիչները պետք է անհապաղ դուրս գան շենքից՝ աստիճաններով, քանի որ վերելակը կարող է կանգնել։ Ավելի բարձր հարկերի բնակիչները, ովքեր չեն հասցնի դուրս գալ շենքից, պետք է պատսպարվեն բնակարանի առավել անվտանգ վայրերում՝ հիմնապատերի մոտ, սեղանների կամ աթոռների տակ։