Թուրքիայի երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 1 000 -ի: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 23-ին հրավիրված արտակարգ մամուլի ասուլիսում հայտարարել է Բոսֆորի համալսարանի սեյսմոլոգիական դիտարանի ղեկավար Մուստաֆա Էրդիկը:
Սեյսմոլոգի խոսքով` երկրաշարժի հետեւանքով ավելի քան 50 բնակելի շենք է ավերվել, մոտ հազար շենք վնասվել է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վնասվել է Վան քաղաքի օդանավակայանը, ինչի պատճառով փրկարարները չեն կարողանում հասնել աղետի գոտի: Թուրքական Կարմիր Խաչի ղեկավարը հայտարարել է, որ օդանավերն առաջիկայում վայրէջք կկատարեն Էրզրումի օդանվակայանում:
Հոսպիտալացված անձանց թիվը հասել է մի քանի հարյուրի:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, այսօր` հոկտեմբերի 23 -ին Թուրքիայում 7,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք: Ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է 9-10 բալ: Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Ցնցումներն առաջացրել են ավերածություններ, էկեկտրաէներգիայի եւ բջջային կապի խափանումներ: Հայտնի է, որ Վանի կենտրոնում յոթհարկանի շենք է փլուզվել, փլատակների տակ մարդիկ կան, տեղում աշխատում են փրկարարները: Նախնական տվյալներով` տուժել է առնվազն 50 մարդ: Բացի Վանից, բավականին տուժել են նաեւ Կարսը, Արդահանը եւ Էրզրումը:
Հայաստանի տարածքում երկրաշարժն զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ` ժամը 15:45-ին:




























