Հայաստանի ԱԳ նախարարությունը ներկայումս ճշտում է Հայաստանի քաղաքացիների մասին տեղեկությունը, ովքեր կարող էին Թուրքիայում երկրաշարժի ժամանակ եղած լինել վտանգավոր գոտում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, հավելելով, որ լրացուցիչ տեղեկատվություն լինելուն պես կհրապարակվի:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, այսօր` հոկտեմբերի  23 -ին  Թուրքիայում  7,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք: Ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է  9-10 բալ: Հիպոկենտրոնը գտնվել է  10  կմ խորության վրա: Ցնցումներն առաջացրել են ավերածություններ,  էկեկտրաէներգիայի եւ բջջային կապի խափանումներ: Հայտնի է, որ Վանի կենտրոնում յոթհարկանի շենք է փլուզվել,  փլատակների տակ մարդիկ կան,  տեղում աշխատում են փրկարարները: Բացի Վանից, բավականին տուժել են նաեւ Կարսը, Արդահանը եւ Էրզրումը:

Հայաստանի տարածքում երկրաշարժն զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ` ժամը 15:45-ին:

Աղետի գոտում զոհերի թիվն անցել է 1000-ից, հազարավոր մարդիկ տուժել են: Վնասվել է Վանի օդանավակայանը եւ փրկարարները չեն կարողանում հասնել աղետի գոտի: Ստորերկրյա ցնցումների հետեւանքով փլվել է 50 բնակելի շենք, այդ թվում բազմահարկեր:

Երկրաշարժն ուժեղ զգացվել է նաեւ Հայաստանում,  այդ թվում` Երեւանում: Մայրաքաղաքի տարբեր շրաջաններում բնակիչները դուրս են եկել շենքերից, հավաքվել բակերում:  Կան տեղեկություններ, որ ստորերկրյա ցնցումներն ավելի ուժեղ են զգացվել Արարատյան դաշտավայրի բնակավայրերում: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը դեռեւս տեղեկատվություն չի տարածել  երկրաշարժի ուժգնության մասին:Ցնցումներից հետո բջջային կապը գործում է նկատելի խափանումներով: