ВВС-ն ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին եւ հայերի իրավունքների իրականացման հեռանկարներին։

«Ադրբեջանը խոստանում է տեղի հայերին ինտեգրում հասարակությունում եւ լեզվի ու մշակույթի պաշտպանություն։ Երկրում ազգային փոքրամասնությունների հետ հարաբերությունների պատմությունը հեշտ չէ»,- նշել է պարբերականը։

Ազգային փոքրամասնությունները կազմում են Ադրբեջանի բնակչության 5 տոկոսը (ադրբեջանցի փորձագետները կարծում են, որ 2019թ. մարդահամարը բարեխիղճ չի կատարվել, եւ ազգային փոքրամասնությունների թվի հարցում կասկածներ կան)։ Ռուսներն ու վրացիներն, ընդ որում, սեփական լեզվով սովորելու եւ իրենց մշակույթը զարգացնելու ավելի մեծ հնարավորություններ ունեն, քան մյուսները։ Պատասխանելով հարցին, թե ինչու Ադրբեջանը չի կատարում ստանձնած պարտավորությունները ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գծով, հետազոտողները նշում են, որ ադրբեջանական ազգը դեռ գտնվում է ձեւավորման փուլում ,եւ ադրբեջանական նացիոնալիզմը ծնվել է միայն XX դարասկզբին, ավելի ուշ, քան Եվրոպայում եւ Կովկասում։

«Սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողության հետեւանքով Ղարաբաղի հայերով բնակեցված շրջանը վերադարձավ Բաքվի վերահսկողության տակ։ ՄԱԿ տվյալներով՝ տասնյակ հազարավոր հայերից տարածաշրջանում մնացել է հազարից ոչ ավելի։ Մնացածների համար իշխանությունները բացել են նախնական գրանցման եւ ադրբեջանական անձնագիր ստանալու կայք, իսկ նախագահ Ալիեւը վստահություն է հայտնել, որ հայերը կկարողանան հաջող ինտեգրվել։

Ադրբեջանի իշխանությունները Ղարաբաղի հայերին առաջարկել են սուբսիդիաներ ֆերմերների համար, հարկային եւ մաքսային արտոնություններ, սոցիալական վճարներ, տեղական իշխանության կազմավորում մունիցիպալ ընտրությունների միջոցով, ինչպես նաեւ լեզվի, հավատքի եւ մշակույթի պաշտպանություն։

Բայց այս խոստումներին չեն հավատում ոչ փորձագետները, որ տարածաշրջանից փախած հայերը։ «Ինձ ադրբեջանցին փողոցում կսպանի, դատարանը կորոշի, որ ես էի մեղավոր եղել։ Իսկ եթե ես նրանցից որեւէ մեկի դեմքին հարվածեմ, ապա ինձ 20 տարի կնստեցնեն»,- ասել է փախստականներից մեկը «Эхо Кавказа»-ի հարցազրույցում։

Ընտրություններն Ադրբեջանում իրականացվում են խախտումներով։ Տիրում է ոստիկանական բռնություն, իսկ հայկական եկեղեցիները հայտարարվում են աղվանական։ Բացի այդ, անհասկանալի է, թե արդյոք պատրաստ է ադրբեջանական հասարակությունը նոր իրողություններին։ Դպրոցներում մինչեւ հիմա տարածվում է հայերի հանդեպ ատելության լեզուն։ «Ի՞նչ դասագրքերով են հայերը սովորելու դպրոցներում, նրանց ողջ նարատիվն այլ է, նրանց հերոսները մեր թշնամիներն են, նրանց պատկերացումը Ղարաբաղի մասին հակասում է մերին»,- ասել է պատմաբան Արիֆ Յունուսը։

Բայց, ինչպես նշում է սոցիոլոգ Սերգեյ Ռումյանցեւը, Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթից հետո նրանց իրավունքների հարցը, ըստ երեւույթին, կորցրել է իմաստը։ «Արդյո՞ք պետք է ինչ-որ իրավունքներով օժտել գոյություն չունեցող էթնիկ խմբին»։ Իսկ եթե հայերը վերադառնան, ապա Բաքուն, գուցե, միջազգային իմիջի նկատառումներով, ստեղծի նրանց համար պայմաններ, որոնց պարագայում նրանք կկարողանան, օրինակ, սովորել մայրենի լեզվով, կարծում է Ռումյանցեւը։ Բայց հետազոտողի կարծիքով՝ դա կլինի լիովին մեկուսացած կյանք, երբ տարածաշրջան կայցելեն լրագրողներ կամ քաղաքական գործիչներ, իսկ բնակիչները ստիպված կլինեն լոյալություն հայտնել նախագահին. «Նման իրավիճակն անվանենք «գետո՝ բոլոր եվրոպայմաններով։ Ես կարծում եմ, որ այս ձեւաչափով ամեն բան հնարավոր է։ Բայց արժե՞ արդյոք նման պայմաններն անվանել էթնիկ խմբերի իրավունքների պահպանում»։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, որի աշխատակիցները եղել են Ղարաբաղում, հաշվետվությունից երեւում է, որ Ստեփանակերտում (ադրբեջանիցներն այն անվանում են Խանքենդի) մնացել են հիմնականում տարեց մարդիկ եւ նրանք, ովքեր չեն կարողացել հեռանալ։ ՄԱԿ զեկույցում նշված է, որ այս փուլում «դժվար է պարզել, թե արդյոք տեղի բնակչությունը պատրաստվում է վերադառնալ»,- նշել է ВВС-ն։