«Առաջին մայրաքաղաք» տեսաալիքի ղեկավար, Խարկովի քաղաքային խորհրդի պատգամավոր Կոնստանտին Գեւորգյանը Լեռնային Ղարաբաղի մասին ֆիլմ է նկարահանում: Այս մասին նա հայտնել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում, հավելելով, որ իրենց նկարահանող խումբը վերջերս է վերադարձել Ղարաբաղից:

Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ն, օրերս Խարկովում վերահրատարակվել է պատգամավորի «Վտանգավոր գիրք. նացիստական քարոզչության ֆենոմենը» գիրքը: Գեւորգյանի կարծիքով, գրքի երկրորդ հրատարակությունը տարբերվում է նկարների առկայությամբ (նյութն ավելի լավ ըմբռնելու համար) եւ տեքստային մասի ճշգրտումներով:

«Դա շատ արդիական գիրք է, որը որոշակի նախազգուշացում է լրագրողներին, թե որ միջոցներն են լավ, եւ որոնք կարող են նստացնել մեղադրյալի աթոռին: Հիտլեր-գեբելսյան քարոզչության դասական օրինակները կիրառվում են նաեւ այսօր` մեր կողքին»,- ասել է նա: