Մոտ օրերս Հայաստանում երկրաշարժի կրկնվելու հավանակություն չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նա նշել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի տարածքում, իսկ ստորերկրյա ցնցումների ալիքը Հայաստան է հասել 3,5 բալ ուժգնությամբ, այսինքն իրենից վտանգ չի ներկայացրել:

«Այդուհանդերձ, Հայաստանը միշտ պատրաստ է երկրաշարժերի, քանի որ գտնվում է սեյսմիկ առումով վտանգավոր գոտում»,- ասել է նախարարն ու հավելել, որ այսօր, ժամը 17:00-ին ԱԻՆ-ում արտկարգ նիստ է տեղի ունեցել, որտեղ որոշվել է փրկարարների բրիգադ ուղարկել Թուրքիա:

«ՄԱԿ-ի միջոցով Հայաստանը պատրաստակամություն է հայտնել, 20 այլ երկրների շարքում, մասնակցել Թուրքիայում իրականացվող փրկարարական աշխատանքներին: Ես դա ճիշտ եմ համարում: Մենք պարտավոր ենք օգնություն տրամադրել մեր հարեւաններին: Թուրքական կողմի համաձայնության դեպքում, մենք երկրաշարժի էպիկենտրոն կուղարկենք փրկարարների եւ հրշեջ փրկարարների»,- հայտարարել է Արմեն Երիցյանը:

ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանն իր հերթին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ ավելի վաղ` 1999 եւ 2000 թվականներին հայ փրկարարներն արդեն մասնակցել են Թուրքիայում փրկարարական աշխատանքների:

Հիշեցնենք, որ այսօր, ժամը 15:41-ին Թուրքիայի Վան քաղաքից 38 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել, որի ուժգնությունը կազմել է 7,2 մագնիտուդ (9-10 բալ): Կան 1000-ից ավելի զոհեր: