Գրանադայի հանդիպմանը Ալիեւի չգալն, իհարկե, դրական ազդակ չէ, եւ Եվրոպայի կողմից ընդունված բանաձեւերը նեւ միտված էին, որ որոշակի ճնշում գործադրեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով, միջազգային հանդիպումներում Հայաստանը բարձրաձայնում է մի քանի սկզբունքներ, որոնցից ամենակարեւորը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է. «Գիտեք, որ մենք թվերով արձանագրել ենք այդ տարածքները, որպեսզի տարատեսակ մեկնաբանությունների առիթ չտա, թե ինչ ենք հասկանում տարածքային ամբողջականություն ասելով: Սեղանի շուրջ խոսակցությունների ընթացքում այդ ընկալումը կա: Խոսքը այդ ընկալման դե յուրե ամրագրումն է եւ որոշակի փաստաթղթի ստորագրումը՝ այս սկզբունքները հաշվի առնելով»,-ասաց Արշակյանը:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երեք գլխավոր սկզբունքները համաձայնեցված են, յդ դեպքում ինչո՞ւ հանդիպումներ չեն լինում, Հակոբ Արշակյանն արձագանքեց. «Այդ հայտարարությունները հիմնված են Շառլ Միշելի մասնակցությամբ քննարկումների վրա, որին հետեւել Շառլ Միշելի հայտարարությունը: Այլ բան, որ դե յուրե ֆիքսելու հետ կապված, ես ենադրում եմ, որ որոշակի ընթացակարգային եւ այլ պատճառներ կան, որոնց մասին չեմ ցանկանում մանրամասնել»:

Հարցին՝ Հայաստանն ունի՞ ԽՍՀՄ ռազմական քարտեզները, որոնց հիման վրա պետք է իրականացվի դելիմիտացիայի գործընթացը, քանի որ խոսվում է, որ դրանք Ռուսաստանի մոտ կան միայն, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Գնօրինակն, իհարկե, մեկ հատ է, չեն կարող բոլորն ունենալ բնօրինակ, բայց այդ քարտեզները կան եւ Հայաստանն ունի դրանց ծանոթանալու հնարավորությունը: Այդ քարտեզներին հասանելիությունը ունեն թե Հայաստանը, թե Ադրբեջանը»: