Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, Հայկական ատոմակայանի հետ կապված ոչ մի վտանգ չկա, քանի որ երկրաշարժի էպիկենտրոնը Հայաստանից հեռու է ավելի քան  170 կմ: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

ՀԱԷԿ-ի ղեկավար Գագիկ Մարկոսյանը նույնպես հայտարարել է, որ ատոմակայանում ստորերկրյա ցնցումները գրեթե չեն զգացել: Նրա խոսքով, Հայկական ատոմակայանի տեխնիկան ունակ է լուրջ պաշտպանություն ապահովել երկրաշարժի դեպքում: «Ռեակտորը եւ մնացած կարեւորագույն սարքավորումները վստահելիորեն պաշտպանված են հնարավոր երկրաշարժերի դեպքում: Հայաստանը խստորեն հետեւում է ԱԷՄԳ-ի կանոններին»,- ընդգծել է Մարկոսյանը:

Ի դեպ, նշենք, որ երկրաշարժից 5 ժամ անց, դեռ ստորերկրյա ցնցումներն էպիկենտրոնում շարունակվում են: Գրանցվել է մոտ 55 հետցնցում, բայց բոլորն էլ ավելի թույլ են եղել, քան գլխավոր ցնցումը, մինչեւ 5-8 բալ ուժգնության (հիմնական ցնցումը եղել է 9-10 բալ):

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, այսօր` հոկտեմբերի  23 -ին  Թուրքիայում  7,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք: Ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է  9-10 բալ: Հիպոկենտրոնը գտնվել է  10  կմ խորության վրա: Ցնցումներն առաջացրել են ավերածություններ,  էկեկտրաէներգիայի եւ բջջային կապի խափանումներ: Հայտնի է, որ Վանի կենտրոնում յոթհարկանի շենք է փլուզվել,  փլատակների տակ մարդիկ կան,  տեղում աշխատում են փրկարարները: Բացի Վանից, բավականին տուժել են նաեւ Կարսը, Արդահանը եւ Էրզրումը:

Հայաստանի տարածքում երկրաշարժն զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ` ժամը 15:45-ին:

Աղետի գոտում զոհերի թիվը կարող է հասնել 1000-ի, հազարավոր մարդիկ տուժել են: Վնասվել է Վանի օդանավակայանը եւ փրկարարները չեն կարողանում հասնել աղետի գոտի: Ստորերկրյա ցնցումների հետեւանքով փլվել է 50 բնակելի շենք, այդ թվում բազմահարկեր:

Երկրաշարժն ուժեղ զգացվել է նաեւ Հայաստանում,  այդ թվում` Երեւանում: Մայրաքաղաքի տարբեր շրաջաններում բնակիչները դուրս են եկել շենքերից, հավաքվել բակերում:  Կան տեղեկություններ, որ ստորերկրյա ցնցումներն ավելի ուժեղ են զգացվել Արարատյան դաշտավայրի բնակավայրերում: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը դեռեւս տեղեկատվություն չի տարածել  երկրաշարժի ուժգնության մասին:Ցնցումներից հետո բջջային կապը գործում է նկատելի խափանումներով: