Թուրքիայում երկրաշարժը Հայաստանում որեւէ ավիրածության չի հանգեցրել: Այդ մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է Հայաստանի ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, այսօր` հոկտեմբերի  23 -ին  Թուրքիայում  7,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք: Ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է  9-10 բալ: Հիպոկենտրոնը գտնվել է  10  կմ խորության վրա: Հայտնի է, որ Վանի կենտրոնում յոթհարկանի շենք է փլուզվել,  փլատակների տակ մարդիկ կան,  տեղում աշխատում են փրկարարները: Բացի Վանից, բավականին տուժել են նաեւ Կարսը, Արդահանը եւ Էրզրումը:

Աղետի գոտում զոհերի թիվը կարող է հասնել 1000-ի, հազարավոր մարդիկ տուժել են: Վնասվել է Վանի օդանավակայանը եւ փրկարարները չեն կարողանում հասնել աղետի գոտի: Ստորերկրյա ցնցումների հետեւանքով փլվել է 50 բնակելի շենք, այդ թվում բազմահարկեր:

Հայաստանի տարածքում երկրաշարժն զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ` ժամը 15:45-ին: Երկրաշարժն ուժեղ զգացվել է Երեւանում: Մայրաքաղաքի տարբեր շրաջաններում բնակիչները դուրս են եկել շենքերից, հավաքվել բակերում:  Կան տեղեկություններ, որ ստորերկրյա ցնցումներն ավելի ուժեղ են զգացվել Արարատյան դաշտավայրի բնակավայրերում: