Թուրքիայում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի արդյունքում Հայաստանի քաղաքացիներ չեն զոհվել եւ վիրավորվել. այս պահի դրությամբ նման տեղեկություններ չկան: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, այսօր` հոկտեմբերի 23 -ին Թուրքիայում 7,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք: Ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է 9-10 բալ: Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Ցնցումներն առաջացրել են ավերածություններ, էկեկտրաէներգիայի եւ բջջային կապի խափանումներ: Հայտնի է, որ Վանի կենտրոնում յոթհարկանի շենք է փլուզվել, փլատակների տակ մարդիկ կան, տեղում աշխատում են փրկարարները: Բացի Վանից, բավականին տուժել են նաեւ Կարսը, Արդահանը եւ Էրզրումը:
Հայաստանի տարածքում երկրաշարժն զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ` ժամը 15:45-ին:
Աղետի գոտում զոհերի թիվը կարող է հասնել 1000-ի, հազարավոր մարդիկ տուժել են: Վնասվել է Վանի օդանավակայանը եւ փրկարարները չեն կարողանում հասնել աղետի գոտի: Ստորերկրյա ցնցումների հետեւանքով փլվել է 50 բնակելի շենք, այդ թվում բազմահարկեր:
Երկրաշարժն ուժեղ զգացվել է նաեւ Հայաստանում, այդ թվում` Երեւանում: Մայրաքաղաքի տարբեր շրջաններում բնակիչները դուրս են եկել շենքերից, հավաքվել բակերում: Կան տեղեկություններ, որ ստորերկրյա ցնցումներն ավելի ուժեղ են զգացվել Արարատյան դաշտավայրի բնակավայրերում:




























