Մինչ Հայաստանը կվավերացներ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտը, Մոսկվան Երեւանին առաջարկել է դրա շրջանցման ուղիներ։ Այս մասին նշվել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության՝ «Ленты.ру»-ի հարցման պատասխանում։

Հարցումը վերաբերել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանի հայտարարությանը։ Նրա խոսքով՝ մինչեւ վավերացումը Երեւանը առաջարկել է Մոսկվային ստորագրել համաձայնագիր, որը հնարավորություն կտար շրջանցել ստատուտի պահանջները, բայց, իբր, այդպես էլ պատասխան չի ստացվել։ «Դա չի համապատասխանում իրականությանը»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։ Այնտեղ տեղեկացրել են, որՄոսկվան պատասխան ներկայացրել է Երեւանի առաջարկին։

«Երկկողմ խորհրդակցությունների ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է պատասխան առաջարկներ՝ գնալ ՄՔԴ մեխանիզմների գործարկման ճանապարհով, առանց Հռոմի ստատուտի վավերացման։ Նման պրակտիկա կա։ Ցավոք, մեր փոխզիջումային հանգուցալուծումները անտեսվել են»,- ասել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։

ԱԳՆ-ում նաեւ դժգոհել են, որ Երեւանը «զուտ քաղաքական նկատառումներով» է ընդունել Հռոմի ստատուտը վավերացնելու մասին որոշումը։ «Եթե Երեւանում պահպանում են իրենց իսկ ձեռքերով ստեղծված խնդիրների լուծման շահագրգռությունը, ապա, մեր կարծիքով, դրա հնարավորությունները հայկական իրավական համակարգի շրջանակում առկա են»,- ավելացրել են գերատեսչությունում։