Հայաստանում, «Քենդլ» ծրագրի շրջանակներում, սկսվել է AREAL լազերային բարձր հաճախականության գծային արագացուցիչի շինարարությունը: Նման հայտարարությամբ այսօր` հոկտեմբերի 24-ին, հանդես եկավ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության գիտության պետաական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Ամենայն հավանականությամբ արագացուցչի կառուցումը կավարտվի 2013 թ. գարնանը:

Նշենք, որ «ՔԵՆԴԼ»-ը (CANDLE-Center for the Advancement of Natural Discoveries using Light Emission) թարգմանաբար նշանակում է՝ սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն: Գիտնականները նման կենտրոնում  հնարավորություն կունենան ինտենսիվ լուսային հոսքի օգնությամբ հետազոտել մոլեկուլներ, կենսաբանական օբյեկտներ եւ նյութեր:

Շրջակա միջավայրի համար լրիվ անվտանգ արագացուցչային կենտրոնը աննախադեպ կլինի հետխորհրդային, Արեւելյան Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջաններում:

Ըստ Ս. Հարությունյանի` հայկական արագացուցիչը կառուցվում է Գերմանիայի «Դեզի» կենտրոնի (DESY-գերմանական էլեկտրոնային սինքրոտոն) հետ համագործակցությամբ, եւ ըստ էության հանդիսանում է «Դեզի» արագացուցչի կրկնօրինակը: