Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Գազայի հատվածում պատերազմին վերջ տալու հավաքական ջանքերը, այդ թվում՝ ճգնաժամին նվիրված Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) առաջիկա արտահերթ գագաթնաժողովը, հաղորդում է Tasnim-ը:

Երկուշաբթի օրն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Պաղեստինի վերջին զարգացումները։

«Բարձրաստիճան դիվանագետները քննարկել են Գազայի հարցով ԻՀԿ-ի առաջիկա արտահերթ գագաթնաժողովը, ինչպես նաև կշռադատել են պլանները՝ ստիպելու իսրայելական ռեժիմին դադարեցնել ռազմական հանցագործությունները Պաղեստինցիների դեմ Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափում և ապահովել հումանիտար օգնության շարունակական առաքումը պաշարված անկլավ», - ասվում է զեկույցում: 

Նոյեմբերի 12-ին ԻՀԿ-ն Սաուդյան Արաբիայի՝ որպես իսլամական գագաթնաժողովի նախագահի հրավերով Էր Ռիադում արտահերթ գագաթնաժողով կանցկացնի։