2012 թ. գիտության բյուջեն կավելանա 7 տոկոսով եւ կկազմի մոտ 10,3 մլրդ դրամ՝ 2011 թ.` 9,4 մլրդ-ի համեմատ: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Հավելյալ ֆինանսավորման հաշվին մոտ 7 տոկոսով կավելանան գիտնականների աշխատավարձերը, կխթանվեն միջազգային ծրագրերը: Վերջին հանգամանքը Ս. Հարությունյանը բացատրեց նրանով, որ միջազգային համագործակցության ոլորտում ծախսված յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց ստացվում է 3 դոլար հատույց:
Ս. Հարությունյանը նշեց նաեւ, որ գիտության ֆինանսավորման ոլորտում պետք է մեծանա մասնավորի տեսակարար կշիռը: Եթե զարգացած երկրներում գիտության ֆինանսավորման առնվազն 75 տոկոսն իրականացվում է մասնավորի կողմից, ապա Հայաստանում ճիշտ հակառակն է` ֆինանսավորման 70-75 տոկոսն իրականացնում է պետությունը, թեեւ պետության մասնաբաժինն աստիճանաբար նվազում է: Ս. Հարությունյանն ասաց, որ Ֆինլանդիայի նման գիտատար երկրում գիտության ֆինանսավորման ընդամենը 8 տոկոսն է կատարվում պետության կողմից:
Հայաստանում առաջին անգամ 2011 թ. անցկացվեց մրցույթ, որին մասնակցեց նաեւ մասնավոր հատվածը: Մրցույթին մասնակցել են 43 ինովացիոն ծրագրեր, որոնց մեծ մասը համաֆինանսավորում ունեին մասնավոր հատվածից, այդ թվում` ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայից:
«Որքան մեծ է պետական ֆինանսավորման մասնաբաժինը գիտության ոլորտում, այնքան պետության զարգացման մակարդակը ցածր է»,- ասաց Ս. Հարությունյանը:




























