Ադրբեջանցիների առեւանգած Վագիֆ Խաչատրյանի «գործով» դատական ֆարսը մոտենում է ավարտին։ Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, այսօրվա նիստում «պետական մեղադրող Մուղադաս Սուլթանովը հայտնել է, որ Խաչատրյանի դեմ մեղադրանքները հաստատվել են, եւ պահանջել է 15 տարվա ազատազրկում»։ Խաչատրյանը պետք է ժամկետի հինգ տարին անցկացնի բանտում, իսկ մնացած մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում։ Դատավարությունը կշարունակվի մինչեւ ժամը 14.00-ն։
«Դատախազն իր ելույթում բացատրել է պատճառը, թե ինչու է 15 տարի պահանջել Վագիֆ Խաչատրյանի համար։ Նրան ներկայացվել է ցեղասպանության, խաղաղության դեմ հանցագործությունների մեղադրանք, եւ առավելագույն պատիժը դրա համար ցմահ բանտարկությունն է։ Սակայն Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությունը արգելում է ցմահ բանտարկությունը 65-ից բարձր տարիքի մարդկանց համար։ Քանի որ Վագիֆ Խաչատրյանը մեծ է 65 տարեկանից, նրան անհար է ցմահ ազատազրկման ենթարկել»,- նշել են ԶԼՄ-ները։
Հիշեցնենք, որ Վ.Խաչատրյանը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, նա առեւանգվել է այս տարվա ամռանը Լաչինի միջանցքում, առեւանգվել է ԿԽՄԿ-ի ձեռքից։ Մարտական գործողություններին մասնակցության համար Ադրբեջանի իշխանությունները Խաչատրյանին ներկայացրել են առանձնակի ծանր հանցագործությունների կատարման մեղադրանք։ Չնայած Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ անօրինական գործողություններին, այդ թվում մարդու առեւանգմանը, որը գտնվել է ԿԽՄԿ պաշտպանության ներքո, Խաչատրյանը ոչ միայն ազատ չի արձակվել, այլեւ հայտնվել է մեղադրյալների աթոռին։ Արագ սարքված գործով անցնում է 59 «տուժած», նրանք բոլորը «ճանաչել» են Խաչատրյանին եւ պատմել նրա կատարած «հանցագործությունների» մասին։ Վագիֆ Խաչատրյանը իրեն մեղավոր չի ճանաչել եւ հայտարարել է, որ չի մասնակցել ոչ մի հանցագործության։
Հատկանշական է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչն ու քաղաքացին ներկայացվել է որպես Հայաստանի քաղաքացի։





























