Բաքվում ավարտվեց ադրբեջանցիների կողմից առեւանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով դատական ֆարսը։
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, դատարանը Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։
Ավելի վաղ դատախազը հայտարարել էր, որ Ադրբեջանի օրենսդրությունը թույլ չի տալիս Խաչատրյանին դատապարտել ցմահ բանտարկության, քանի որ նա 65 տարեկանից մեծ է։
Հիշեցնենք, որ Վ.Խաչատրյանը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, նա առեւանգվել է այս տարվա ամռանը Լաչինի միջանցքում, առեւանգվել է ԿԽՄԿ-ի ձեռքից։ Մարտական գործողություններին մասնակցության համար Ադրբեջանի իշխանությունները Խաչատրյանին ներկայացրել են առանձնակի ծանր հանցագործությունների կատարման մեղադրանք։ Չնայած Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ անօրինական գործողություններին, այդ թվում մարդու առեւանգմանը, որը գտնվել է ԿԽՄԿ պաշտպանության ներքո, Խաչատրյանը ոչ միայն ազատ չի արձակվել, այլեւ հայտնվել է մեղադրյալների աթոռին։ Արագ սարքված գործով անցնում է 59 «տուժած», նրանք բոլորը «ճանաչել» են Խաչատրյանին եւ պատմել նրա կատարած «հանցագործությունների» մասին։ Վագիֆ Խաչատրյանը իրեն մեղավոր չի ճանաչել եւ հայտարարել է, որ չի մասնակցել ոչ մի հանցագործության։
Հատկանշական է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչն ու քաղաքացին ներկայացվել է որպես Հայաստանի քաղաքացի։





























