Երուսաղեմի եւ Իսրայելի ժառանգության հարցերի նախարար Ամիհայա Էլիյահուի խոսքերը Գազայի հատվածին միջուկային հարված հասցնելու հնարավորության մասին կարելի է համարել խոստովանություն, որ հրեական պետությունն ատոմային զենք ունի։ Այսպիսի կարծիք է հայտնել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷԿ) ղեկավար Մոհամեդ Էսլամին։
«Հերթական անգամ իսրայելական վարչակարգի ներկայացուցիչը խոստովանել է, որ իր երկիրը միջուկային զենք ունի։ Եվ որ ավելի կարեւոր է՝ այդ վարչակարգը, սպառնալով Գազայի հատվածի ճնշված եւ անմեղ ժողովրդին, մարտահրավեր է նետել միջազգային իրավունքի եւ ՄԱԿ Կանոնադրության հիմնական սկզբունքներին»,- ասել է Էսլամին IRNA գործակալության հարցազրույցում։
«Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը եւ հատկապես նրա գլխավոր տնօրենը պետք է այս հարցին մոտենան անկախ դիրքերից։ Պետք է անհապաղ դատապարտել այդ սպառնալիքները, հայտարարել դրանց հետեւանքների մասին եւ այդ միջադեպի մասին տեղեկացնել ՄԱԿ Անվտանգության խորհրդին»,- ավելացրել է ԱԷԿ ղեկավարը։
«Որոշ կառավարություններ դատապարտել են իսրայելցի նախարարի այդ խոսքերը, բայց միջազգային կազմակերպությունները, այդ թվում ՄԱԿ-ը պետք է դադարեն լռություն պահպանել նման արտահայտությունների հարցում, որոնք սպառնում են անվտանգությանն ամբողջ աշխարհում։ Դեմ արտահայտվեք նման հայտարարություններին եւ լրջորեն վերաբերվեք այս հարցին»,- կոչ է արել Էսլամին։





























