Որքան ես տեղյակ եմ, անկլավների հարցը սեղանին դրված հարց չէ, բայց ասել, որ այդ հարցը չկա, նույնպես ճիշտ չի լինի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Այդ հարցը կա, բայց այն սիմետրիկ է. ինչքան մեր տարածքում կան բնակավայրեր, որոնք նախկինում եղել են խորհրդային Ադրբեջանի տարածքում, մոտավորապես նույնքան մակերեսով Ադրբեջանում կան բնակավայրեր, որոնք նախկինում եղել են Խորհրդային Հայաստանի վարչական տարածքում: Խաղաղության պայմանագրի հիմնական կետերը բավարարելուց հետո, միգուցե այդ հարցն առաջանա եւ ինչ-որ լեզվով լուծում տրվի: Օրինակ, մնա այնպես, ինչպես որ կա, որովհետեւ փոխանակելը լավ տարբերակ չէ, կայուն վիճակ չի ստեղծի: Հիմա իրենք փորձում են օրկարգ առաջ բերել այդ հարցը, որով կպայմանավորեն վերջին շրջանի իրենց պասիվությունը եվրոպական հարթակներում»,-ասաց Աղազարյան:
Նա նկատեց, որ եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է գնալ խաղաղության, ապա պետք է այնպես անել, որ թեկուզ փոքր լարվածության օջախներ չլինեն, քանի որ դրանք հետագայում կդառնան անկայունության բջիջներ:
Աղազարյանի կարծիքով Ադրբեջանը չի ցանկանա ամեն ինչ թողնել այնպես, ինչպես հիմա է. «Կասի՝ մերը մեզ, ձերը՝ ձեզ, որովհետեւ դա անկայունության օջակներ կլինի: Դրանից հետեւում է, որ Ադրբեջանն անկեղծ չէ խաղաղություն հաստատելու իր ցանկության մեջ, կամ ուզում է այս տարածաշրջանում Թուրքիայի հետ խաղաղություն հաստատել՝ Հայաստանին վերացնելով»:











