Դու չես կարող խաղաղության պայմանագիր ստորագրել ու ասել՝ եկեք այսպես ապրենք. դա անհնար է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Երբ Ադրբեջանն զգա, որ իր ռազմական պոտենցիալը եւ քաղաքական բաղկացուցիչ մասը միասին էապես գերակշռում է Հայաստանի ռազմական ու քաղաքական ներուժին, այդ ժամանակ ինքը ռազմական գործողությունների կդիմի: Հիմա այդպես չէ: Ճիշտ է իրենց ռազմական պոտենցիալը շատ մեծ է մերից, բայց մեր քաղաքական բաղկացուցիչը շատ մեծ է իրենցից: հետեւաբար, հավասարակշռությունը կա»,-ասաց նա:
Հարցին, թե որտե՞ղ է երեւում Հայաստանի քաղաքական բաղադրիչի մեծ լինելը, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Այսօր Ադրբեջանը, Թուրքիան, ինչ-որ տեղ նաեւ Ռուսաստանը անթաքույց սպառնում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությանը: Այս վիճակը գերտերությունների եւ ընդհանրապես քաղաքակրթությունների համար անընդունելի է: Ռուսաստանը կարող է Ադրբեջանի հետ միասին զորքեր տեղադրել ու Հայաստանի սուվերեն տարածքում ագրեսիա իրականացնեն: Ես դա չեմ բացառում, բայց դա այդքան էլ հեշտ չէ»,- ասաց նա:











