Արցախի բուժաշխատողներին անհրաժեշտ է տարկետում տալ լիցենզիա ստանալու հարցում։ Այս մասին Ազգային ժողովում, առողջապահության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Բուժօգնության եւ բնակչության սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 9-ին ասել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։
Առաջարկվում է տարկետում տրամադրել մինչեւ 2025թ. հունվարի 1-ը։ «Այժմ բուժաշխատողները անհրաժեշտ քանակությամբ կրեդիտներ չեն հավաքում։ Բայց բուժկենտրոններում բավական թվով թափուր տեղեր կան, եւ այդ մարդկանց պետք է աշխատանքի տեղավորել»,- ասել է Նանուշյանը։
Արդեն 90 բուժաշխատողներ ստացել են լիցենզիա։ Իրականացվում են անվճար դասընթացներ Արցախի բուժաշխատողների որակավորման բարձրացման համար։ «Արդեն գրանցվել է 600 մարդ։ Բայց էլի 600 տեղ մնում է»,- ասել է պաշտոնյան։
Արցախցի բուժաշխատողները կարող են անվճար սովորել նաեւ օրդինատուրայում։
Քննարկումից հետո օրենսդրական նախաձեռնությունն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը։




























