Բելառուսից Հայաստան ներկրված 61 միավոր տրակտորն արդեն բաշխվել է կոոպերատիվներին, իսկ հաջորդ տարի հնարավոր է նոր խմբաքանակի ձեռքբերում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 24-ին, հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխարենկոյի հետ հանդիպման ժամանակ:
Գյուղնախարարության մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը համագործակցության եզրեր են մատնանշել գյուղատնտեսության գրեթե բոլոր ճյուղերում` կարեւորելով առանձնապես գյուղանտեսական մեքենաների եւ գյուղտեխնիկայի ձեռքբերման հարցում համագործակցության անհրաժեշտությունը: Հայաստանի գյուղատնտեսության նախարարն առաջարկել է մեր երկրում ստեղծել գյուղատնտեսական մեքենաների վաճառքի ու սպասարկման բելառուսական կենտրոն` նշելով, որ ներկայումս գյուղտեխնիկայի թարմացման ու արդիականացման լուրջ խնդիր ունի Հայաստանը:
Խոսելով գյուղատնտեսությունում առկա խնդիրներից ու ոլորտի այս տարվա հաջողություններից` Սերգո Կարապետյանը մատնանշել է նաեւ այն առանձնահատկությունները, որ առկա են Հայաստանի եւ Բելառուսի գյուղատնտեսության ոլորտներում` մասնավորապես անդրադառնալով երկու երկրներում մասնավոր ներդրումներին ու պետության բաժնեհատվածին:
Բարձր գնահատելով ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը` ՀՀ-ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպանը դրանց իրականացման հարցում առաջարկել է օգտվել Բելառուսի գիտական փորձից:




























