Երեւանում հյուրանոցային շինարարության եւ հյուրանոցային գործի զարգացմանն անչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ  «Ֆիլոքսենոս պոլսկա սպոլկա» լիազորված ընկերության նախագահ Ռոբերտ Դիլեւսկիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հյուրերը քաղաքապետին են ներկայացրել աշխարհի տասնյակ երկրներում ներկայացված «Հիլթոն» հյուրանոցային ցանցի զարգացման ծրագրերն ու մատուցվող ծառայությունների փաթեթը եւ իրենց հետաքրքրությունները հայտնել Երեւանում «Հիլթոն» ապրանքանիշը ներկայացնող միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցային համալիրի կառուցման հարցում:

Կարեւորելով մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացումը` քաղաքապետը ողջունել է հանրաճանաչ հյուրանոցային բրենդի հնարավոր ներկայությունը Երեւանում:

«Բարձրորակ ծառայություններն ապահովում են զբոսաշրջության համար համապատասխան միջավայր: Մենք շահագրգռված ենք ներդրումային առաջարկով: Վստահ եմ, որ «Հիլթոն» ապրանքանիշը ներկայացված կլինի Երեւանում եւ պատրաստ ենք քննարկել փոխշահավետ գործակցության առաջարկներ»,-նշել է Կարեն Կարապետյանը: