Նախորդ տարիներին մենք տեսել ենք արտատարածաշրջանային ուժերի կողմից Իրանի և Ադրբեջանի բարեկամական հարաբերություններին միջամտելու փորձեր։ Այդ մասին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Այդ փորձերը ոչնչի չբերեցին։ Վստահ եմ, որ այժմ էլ մեր թշնամիները չեն հասնի իրենց նպատակներին»,- վստահեցրել է Ալիևը։ Նա գոհունակություն է հայտնել, որ Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքով իրենք պայմանավորվել են Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և մայրուղու երթուղու շուրջ։
Ալիեւը վստահ է, որ այդ նախագիծը կիրականացվի կարճ ժամանակում եւ կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հերթական ուղղությունը։
«Արդյունքում մենք կունենանք երկու երթուղի` մեկը Աստարայով, մեկը` Ագբանդով, և երկու երթուղիներն էլ կծառայեն Իրանի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև հասանելի կլինեն այլ երկրներում մեր հարևաններին և գործընկերներին»,- հավելել է նա:





























