Ռումինիան հետաքրքրված է Հայաստանի հետ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության բնագավառում կապեր հաստատելու գործում: Այս մասին հոկտեմբերի 24-ին Ռումինիայի Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցած հանդիպմանը ասել է ռումինական կողմը: NEWS.am-ին Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ռումին քաղաքապետերն ընդգծել են Ռումինիայում հայոց դարավոր ներկայությունն ու թողած հարուստ մշակութային ժառանգությունը, որոնց միջոցով հնարավոր է խթանել տեղական զբոսաշրջությունն ու իրականացնել տարբեր ծրագրեր:
Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը նշել է, որ նման հորիզոնական կապերը նպաստում են տարածքների եւ համայնքների միջեւ տեղական ինքնակառավարման, մշակույթի եւ կրթության ոլորտներում փորձի փոխանակմանը, զբոսաշրջության եւ տեղական արտադրության ոլորտներում համատեղ ծրագրերի խթանմանը: Ի դեպ, Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ եւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտաքին գործերի նախարարության համագործակցությամբ ճանաչողական այցով նույն օրը ռումին քաղաքապետերը մեկնում էին Հայաստան: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթեւ Վրդ. Հակոբյանը եւ Ռումինիայի խորհրդարանի Ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը:




























